Հայաստանի ֆուտբոլի առաջնության քսաներեքերորդ տուրում մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ և կրճատեց «Միկայից» ունեցած միավորների տարբերությունը` հասցնելով վեցի: Վճռորոշ եղավ հանդիպման հիսունմեկերորդ րոպեին Արա Մկրտչյանի խփած գոլը: Նկատենք, որ խաղասկիզբը գյումրեցիների համար հաջող չէր դասավորվել, և նրանք արդեն վեցերորդ րոպեին պարտվում էին 0:1 հաշվով: «Շիրակից» գոլերի հեղինակ են դարձել նաև Ֆոֆանա Բեկոն ու Անդրանիկ Բարիկյանը: Իր հերթին առաջին և երկրորդ տեղերի միջև եղած միավորների տարբերության կրճատմանը նպաստեց առաջատարը, որը սեփական հարկի տակ 2:2 խաղաց Դիլիջանի «Իմպուլսի» հետ` չկարողանալով պահպանել հաղթական առավելությունը:
«Փյունիկ»-«Բանանց» մրցակցությունում հաջողությունն ուղեկցեց հյուրընկալողներին: Հանդիպման հաղթական գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Դավիթ Մանոյանը: Հաղթական ավարտ ունեցավ նաև «Գանձասար»-«ՈՒլիս» հանդիպումը: Այս անգամ ավելի հաջողակ գտնվեցին հյուրընկալվողները:
Ընդհանուր թվով տուրում արձանագրվել է տասնմեկ գոլ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ